Մայրենի

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            … (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց … (ո՞վ) շուտով կհայտնվի:
            … (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի … (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ           դառնալ:
            … (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            … (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները: