Գյումրի
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրի գետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
* * *
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:

Մարմաշենի վանք

Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյանի շրջանի Մարմաշեն գյուղում։
Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և երջինիս հետ միաժամանակ է կառուցվել։Այն իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով , թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Արագածոտնի մարզ
գ. Մաստարա
պետ. ցուցիչ` 2.69.8
Հայաստանի վաղ միջնադարյան ճարտարապետության առավել ուշագրավ և ինքնատիպ եկեղեցիներից է Մաստարայի Ս. Հովհաննես եկեղեցին, որը գտնվում է գյուղի կենտրոնում: Ըստ հարավային և արևմտյան ճակատների շինարարական արձանագրության, եկեղեցին կառուցել է Գրիգորաս վանականը VII դ.: Եկեղեցու թվագրման հետ կապված կան տարբեր տեսակետներ: Որոշ մասնագետներ կարծում են, որ տվյալ արձանագրությունը վերաբերում է եկեղեցու VII դ. վերականգնմանը, և, ելնելով եկեղեցու ճարտարապետաշինարարական հատկանիշներից՝ ճարտարապետական հնավանդ ձևերից, եկեղեցին վերագրում են ավելի վաղ ժամանակաշրջանի՝ V դ.: Ս. Հովհաննես եկեղեցին կենտրոնագմբեթ, քառախորան կառույց է: Աղոթասրահը քառանկյունի է: Եռաստիճան տրոմպների վրա բարձրանում է հսկա գմբեթը՝ ութանիստ թմբուկով: Խորաններից երեքը ներսից պայտաձև են, դրսից՝ հնգանիստ: Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներն են: Մուտքերն արևմտյան և հարավային խորաններից են: Սկզբնապես կառուցված է եղել շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով, իսկ VII դ. նորոգվել է նարնջադեղնավուն քարերով: Եկեղեցին վերանորոգվել է X-XIII դարերում: Ուշ միջնադարում եկեղեցին շրջապատված է եղել պարիսպներով, որոնք 1889 թ. քանդվել են եկեղեցու վերանորոգման ընթացքում:
Ս. Հովհաննես եկեղեցին հատկապես արժեքավոր է իր ներքին տարածության կատարյալ լուծմամբ: Ծավալների ներդաշնակությունը, լայնաթռիչք գմբեթն ու այն կրող հզոր տրոմպները ներսի տարածքին հաղորդում են վեհաշուք տեսք:
Եկեղեցու հարդարանքը՝ բարավորների հավասարաթև խաչերը, քերովբեների գծաքանդակները, զույգ թռչուններով խաչաքանդակը, կամարակապ պսակի վրա աղավնիների բարձրաքանդակները, բնորոշ է վաղ միջնադարյան (V դ.) հայ ճարտարապետությանը:
Մաստարայի եկեղեցու հատակագծով են կառուցվել նաև Արթիկի Մեծ եկեղեցին, Ոսկեպարի Ս. Աստվածածին, Հառիճավանքի Ս. Գրիգոր և Կարսի Ս. Առաքելոց եկեղեցիները:
Հիմնական գրականություն
Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, Երևան, 1948, հ. 2:
Հարությունյան Վ., Հայկական ճարտարապետության պատմություն, Երևան, 1992:
ՀՍՀ, Երևան, 1981, հ. 7: