Անգլիական այգի, Երևանի թատերական
այգի կամ Կոմայգի,Երևանում առաջին հասարակական այգին և միակը՝ մինչև 1920 թվականը։ Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև։ Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։
Այգու տարածքը ի սկզբանե եղել է Երանում գտնվող ստորգետնյա աղբյուրներով հարուստ տարածք։ Գետնի տակից բխող առատ ջուրը ծառերի տակ կուտակվելով լճանում և ճահճային տարածքի էր վերածվում։ Այգին ձևավորվել և գեղեցկացել է միայն Իսահակ Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ դառնալուց հետո։ Այգու բարեկարգման աշխատանքները շարունակվել են նաև Հովհաննես Մելիք-Աղամալյանի քաղաքագլուխ եղած տարիներին։ Նրա անմիջական ծախսերով այգու համար ծառեր բերվեցին Ռուսաստանից և Լեհաստանից։ Նոր ծառուղիներ բացվեցին, անցուղիները ծածկվեցին կարմիր փշրանքով։ Այգին կառուցվեց եվրոպական ձևով, և դա էր, երևի, պատճառը, որ կոչվեց «Անգլիական այգի»։ Ոմանք պնդում էին, թե այն այդպես է կոչվել այգին բարեկարգող օտարերկրացիների պատճառով, իսկ ուրիշներն ասում էին, որ վերևից նայելիս այգին նման է անգլիական դրոշին։ Վերակառուցման պատճառով 10 տարի փակ է եղել։ Բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին։Այգին վերանվանեց 26 կոմիսարների անունով, որը կրճատվելով դարձավ «Կոմայգի»։ 1938 թվականին այգու տարածքում կառուցվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր շենքը։
Այգում տեղադրված են Գաբրիել Սունդուկյանի, նրա ստեղծած կերպար Պեպոյի, ջրավաճառ պատանու արձանները։ 2000 թվականին «Բյուրակն» ՍՊԸ-ն 99 տարի ժամկետով վարձակալել է Անգլիական այգու տարածքը։
