Թափանցիկ Ջակոմոն. Ջ. Ռոդարի
Վաղուց, շատ վաղուց, կամ գուցե մի-քիչ շուտ, աշխարհի ծայրին, կամ գուցե մի-քիչ ավելի մոտ, չտեսնված մի թագավորության մայրաքաղաքում ծնվեց մի թափանցիկ տղա: Այնքան թափանցիկ, որ նրա միջից կարելի էր տեսնել ամեն բան, ինչպես օդի միջից կամ ինչպես աղբյուրի պարզ ջրի միջից: Նա էլ մարմին ու արյուն ուներ, ինչպես բոլորը: Ճիշտ է, նա թափանցիկ էր, ապակու էր նման, բայց երբ ընկնում էր, չէր փշրվում, ամենաշատը՝ճակատին մի փոքրիկ, թափանցիկ ուռուցք էր գոյանում:
Բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նրա արյունը շարժվում, ինչպես էր նրա սիրտը բաբախում: Պատկերացնում եք՝ նրա մտքերն էլ էին պարզ երևում. մարդիկ ազատ կարդում էին նրա մտքերը, որոնք անցնում- դառնում էին նրա գլխում, լողում և փայլփլում, ինչպես ձկների խմբերը թափանցիկ ջրավազանում:
Մի անգամ տղան սխալմամբ սուտ ասաց, և մարդիկ իսկույն տեսան կրակե գնդիկի պես մի բան, որը բոցավառվեց նրա ճակատին: Երբ տղան ուղղեց իր սխալը և ճիշտ խոսեց, գնդիկը հալվեց ու անհետացավ: Այդ օրվանից ամբողջ կյանքում նա ոչ մի անգամ և ոչ մի տառ սուտ չասաց:
Մի անգամ Ջակոմոյի ընկերը նրան մի գաղտնիք վստահեց: Եվ բոլորը միանգամից տեսան, թե նրա գլխում ինչպես սկսեց անհանգիստ պտտվել մի սև գունդ: Եվ գաղտնիքը էլ գաղտնիք չէր:
Ժամանակ անցավ, տղան մեծացավ, դարձավ պատանի, հետո տղամարդ: Բայց առաջվա նման բոլորը կարող էին հեշտ ու հանգիստ կարդալ նրա բոլոր մտքերը: Նա կարող էր բարձրաձայն չպատասխանել իրեն ուղղված հարցերին, մեկ է, ամեն ինչ երևում էր:
Երբ տղան ծնվեց, նրա անունը Ջակոմո դրեցին, բայց ժողովուրդը նրան Ջակոմո-Ապակի էր կոչում, և շատ էր սիրում նրան իր ազնվության համար:
Նրա կողքին բոլորը բարի ու ազնիվ էին դառնում:
Դժբախտաբար անսպասելի կերպով այդ պետության ղեկավար դարձավ մի դաժան բռնակալ: Ժողովրդը շատ վատ վիճակի մեջ ընկավ: Բոլորին ճնշում էին, բոլորն աղքատ էին, ոչ ոք չէր կարողանում ձայն հանել: Ով բողոքում էր , դաժան բռնակալը հրամայում էր մահապատժի ենթարկել:
Ժողովուրդը ձայն չէր հանում, լռում էր և համբերում, որովհետև վախենում էր, որ կարող է ավելի վատ լինել:
Բայց Ջակոմոն չէր կարող լռել: Եթե ոչ մի բառ էլ չասեր, մեկ է, նրա մտքերը երևում էին: Չէ՞ որ նա թափանցիկ էր, և բոլորը տեսնում էին, թե ինչպես էր նա բարկանում անարդարությունից և բռնությունից և ատում բռնակալին:
Ժողովուրդը գաղտնի կրկնում էր Ջակոմոյի մտքերը և այդպիսով կամաց-կամաց հուսադրվում:
Բռնակալն իմանում է այդ մասին և հրամայում անմիջապես բռնել Թափանցիկ Ջակոմոյին և գցել ամենամութ բանտը:
Հենց այդ ժամանակ էլ պատահեց աներևակայելի մի բան: Այն բանտախցի պատերը , որտեղ Ջակոմոն փակված էր, նույնպես հանկարծ թափանցիկ դարձան, հետո թախանցիկ դարձան միջանցքի պատերը, հետո բանտի արտաքին պատերը. ամբողջ բանտը կարծես ապակուց դարձավ:
Այն մարդիկ , ովքեր անցնում էին բանտի մոտով, կարողանում էին տեսնել Ջակոմոյին՝ նստած իր բանտախցում, և առաջվա նման կարողանում էին կարդալ նրա մտքերը:
Երբ գիշեր եղավ, բանտն այնքան պայծառ լուսավորեց քաղաքը, որ բռնակալը հրամայեց փակել իր պալատի լուսամուտները, որ լույսն իրեն չխանգարի: Բայց, միևնույն է, նա չկարողացավ հանգիստ քնել: Չնայած այն բանին, որ Թափանցիկ Ջակոմոն շղթայված էր և փակված էր ամենամութ բանտում , էլի նրանից ավելի ուժեղ դուրս եկավ:
Իսկ գիտե՞ք, թե ինչու… Որովհետև աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն է , այն ավելի պայծառ է, քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:
Հարցեր և առաջադրանքներ
- Կցանկանայի՞ր լինել Ջակոմոյի նման: Ինչու՞: Ոչ,չէի ուզենաի: Որոհետև չէի ուզենա որ իմ մտքերը կարդաին:
- Նկարի՛ր հեքիաթը, տեղադրի՛ր բլոգիդ «Պատկերասրահ» բաժնում:
- «Թափանցիկ» բառին ավելացրու՛ առարկա ցույց տվող բառեր և կազմի՛ր տարօրինակ բառակապակցություններ: Թափանցիկ տուն թափանցիկ մարդ թափանցիկ մազեր
- Տեքստում կապույտ գույնով նշի՛ր հատկանիշ ցույց տվող բոլոր բառերը՝ ածականները: Եթե չգիտես տառերը գունավորել, ապա նայի՛ր այս տեսանյութը:
- Վարդագունով նշված պարզ ընդարձակ նախադասությունները դարձրու՛ պարզ համառոտ: Մարմին ու արյուն ուներ: Ջակոմոյի ընկերը գաղտնիք վստահեց: Ժողովուրդը կրկնում էր Ջակոմոյի մտքերը:
- Տեքստից դու՛րս գրիր գործողություն ցույց տվող բոլոր բառերը: